dc.description.abstract |
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Առողջապահության համակարգի գործունեության բարելավումը և բնակչության հարաճուն պահանջի պայմաններում դրա արդյունավետության բարձրացումը ՀՀ կառավարության քաղաքականության առաջնային գերակայություններից մեկն է` թելադրված ժամանակի հրամայականով և բնակչությանը որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ:
Բնակչության առողջության պահպանման ու բարելավման նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումներն աշխարհի ցանկացած երկրի առողջապահական համակարգի առաջնահերթ ու կարևորագույն խնդիրներից են: Առողջ և բարեկեցիկ կյանքով ապրող բնակչությունը լուրջ երաշխիք է տվյալ երկրի տնտեսության զարգացման գործընթացում:
Առողջապահության համակարգի գերակա խնդիրներից է միջգերատեսչական համագործակցությունը, որը հնարավորություն կընձեռի կենտրոնական և մարզային մակարդակներում արդյունավետ կառավարման, ֆինանսական միջոցների առավել նպատակային օգտագործման, հանրային առողջապահության ծառայությունների կատարելագործման, մասնագիտական որակավորման շարունակական բարձրացման և այլ ուղղություններով կյանքի կոչելու բնակչության առողջությանն առնչվող ռազմավարական ծրագրերի իրականացումը:
Առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման համար իրականացվող բարեփոխումներն ուղղված են համակարգի արդիականացմանն ու բնակչության առողջության բարելավմանը, ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում առաջացած բեռի նվազեցման նպատակով սիրտանոթային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման ու վերահսկման միջոցառումների իրականացմանը, արյունաբանության և ուռուցքաբանության ասպարեզում բժշկական օգնության ու սպասարկման որակի բարելավմանն ու ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպ խթանելու, առողջ ընտանիք ձևավորելու և ամրապնդելու նպատակով բնակչության առողջապահական կարիքների գնահատմանը:
ՀՀ Առողջապահության նախարարությունը, հավատարիմ մնալով Կառավարության ստանձնած պարտավորություններին, պատասխանատվություն է կրում բժշկական սպասարկման մատչելիության, ֆինանսական ռիսկերի նվազեցման, բնակչության գոհունակության բարձրացման և այլ ոլորտների հետ միջգերատեսչական համագործակցության արդյունքում բնակչության առողջության պահպանման և բարելավման համար` հենվելով ԱՀԿ-ի «Առողջություն 2020» համաեվրոպական նոր քաղաքականության վրա: Առողջապահական համակարգի գործունեության գնահատումը (ԱՀԳԳ) գործիք է, որը հնարավորություն է ընձեռում դիտարկելու և գնահատելու առողջապահական համակարգի կառավարման արդյունավետությունը, բարեփոխումների առաջընթացն ու ազդեցությունը բնակչության առողջության վրա: Համակարգի ճիշտ գնահատումը բարեփոխման բանալի է և փաստարկ հետագա ներդրումների համար
ՀՀ կառավարությունը խիստ կարևորելով այս հանգամանքը, մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում բնակչության առողջության պահպանմանն ուղղված, ինչպես արդեն գործող, այնպես էլ նոր մշակվող ծրագրերի իրականացումը, առողջ հասարակության առկայությամբ է պայմանավորված առողջապահական համակարգի ֆինանսական բեռի նվազումն ու երկրի տնտեսության զարգացումը:
Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի առկա ֆինանսական միջոցներն անսահմանափակ չեն, և չի բացառվում բյուջեում հնարավոր ճեղքերի առաջացումը, որը սակայն, չպետք է խոչընդոտի բնակչության առողջության պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների հատկացմանը: Առողջապահական համակարգի ամենամյա բյուջեից հատկացումների հայտերը պետք է ներկայացվեն հիմնավորված և խիստ անհրաժեշտությամբ պատճառաբանված: Դրա համար պետք է կարևորել համակարգում առկա բացերի հաղթահարմանն ուղղված հիմնական գործառույթները:
Ակնհայտ է, որ վերը նշված միջոցառումները չեն կարող իրականացվել առանց պետության ակտիվ միջամտության, քանի որ սոցիալական և ժողովրդագրական ցուցանիշների բարելավումն անմիջականորեն կապված են մատուցվող բժշկական ծառայությունների որակի և մատչելիության հետ
Պետական կարգավորման անհրաժեշտությունը առողջապահության ոլորտում պայմանավորված է ազատ շուկայի ինքնակարգավորման գործիքների անարդյունավետությամբ, կամ այսպես կոչված շուկայի «ձախողումներով», որոնք են`
1. Ազատ շուկայի մասնակիցներ են հանդիսանում սպառողները, ովքեր ձևավորում են պահանջարկը, և վաճառողները, ովքեր ձևավորում են առաջարկը: Սակայն առողջապահության ոլորտում սպառողը չի ձևավորում պահանջարկ կոնկրետ ծառայության նկատմամբ, այլ պահանջարկ առողջապահական ծառայությունների նկատմամբ ընդհանրապես:
2. Առողջապահական մի շարք ծառայություններ առավել շատ օգուտ են բերում հասարակությանը ամբողջությամբ վերցրած, քան անհատին (պատվաստումները, հակահամաճարակային միջոցառումները): Դրանց հասցրած վնասները չափազանց ծանր են` բուժումը յուրաքանչյուր քաղաքացու հայեցողությանը թողնելու համար:
3. Հասարակության բոլոր անդամների համար երաշխավորված նվազագույն բուժսպասարկման ծառայությունների ապահովում: Այստեղ շեշտադրումը կատարվում է բարոյական սկզբունքների վրա, որոնք հանդես են գալիս հակասության մեջ տնտեսական սկզբունքների հետ:
4. Մրցակցության սահմանափակվածությունը:
Ըստ տվյալների` աշխատունակ տարիքի բնակչության մահացության մակարդակը այնպիսի հիվանդություններից, որոնց բուժումը հայտնի է և կիրառվում է բժշկական պրակտիկայում, 80%-ով կախված է բժշկական ծառայության մատուցման ժամանակից, մակարդակից և որակից : Վերլուծելով ՀՀ առողջապահության համակարգում ֆինանսավորման իրական վիճակը, համակարգում շրջանառվող ֆինանսական միջոցների անկառավարելի փաստը, համապատասխան ռազմավարական ծրագրով հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալները` պարզ է դառնում, որ օրինականացված բազմաղբյուր ֆինանսավորման բացակայության պայմաններում դժվարանում է իրական ֆինանսական հոսքերի հայտնաբերումն ու կառավարումը: ՀՀ-ում պետության կողմից առողջապահական կարիքների համար հատկացվում է ՀՆԱ-ի 1.39%-ը այն դեպքում, երբ ԱՊՀ միջին ցուցանիշը կազմում է 3.2% : Պետական բյուջեից կատարվող ֆինանսավորման նման պայմաններում, երբ երկրում չեն գործում սոցիալական ապահովագրության մեխանիզմներ, զարմանալի չէ, որ ՀՀ-ում տնային տնտեսությունների կողմից կատարվող ծախսերը կազմում են ընդհանուր առողջապահական ծախսերի 52.2%-ը, այն դեպքում, երբ զարգացած երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 10-15% սահմաններում, իսկ ԱՊՀ միջինը կազմում է 36.4% :
Այս պայմաններում պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) ներդրումը միակ ճիշտ ռազմավարական որոշումն է, որը թույլ կտա պահպանել առողջապահությունը որպես ճյուղ և կձևավորի նոր սոցիալական ինստիտուտ, որում կզուգակցվեն ապահովագրության սկզբունքները, բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մոտեցումները և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
Առողջության պարտադիր ապահովագրությունը ապահովում է բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պարտադիր մասնակցության պայմանով և շահագրգիռ անձանց կողմից կամ անունից ապահովագրական վճարների վճարման իրավասությամբ: Առողջության սոցիալական ապահովագրության մեխանիզմներ Առողջության սոցիալական ապահովագրությունը ապահովում է առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ հիմնված իրավասու անձի կողմից կամ անունից ոչ ռիսկային վճարների վրա: Պարտադիր մասնավոր ապահովագրության դեպքում բոլոր ռեզիդենտները (կամ բնակչության որոշակի խումբ) պարտավոր են առողջության ապահովագրություն առաջարկող ապահովագրական ընկերության կամ առողջության ապահովագրության հիմնադրամի հետ կնքել առողջության ապահովագրության պայմանագիր, ինչը նշանակում է, որ առողջության ապահովագրությունը պարտադիր է: Ապահովագրության պայմանագիրը կնքվում է անհատի և ապահովագրական ընկերության միջև:
Բժշկական ապահովագրությունը մեծամասամբ կոչված է լուծելու հետևյալ խնդիրները`
• յուրաքանչյուր քաղաքացու համար համապատասխան քանակի և որակի բժշկական ծառայության դիմաց ֆինանսական ապահովման պակասուրդի լրացում,
• ֆինանսավորման համակարգի ստեղծում, որը կշահադրդի բժշկական ծառայողներին բարելավել սպասարկման որակը,
• ապահովագրված անձանց համար երկրի ցանկացած մասում մատչելի բժշկական ծառայությունների ապահովում :
• ՊԲԱ համակարգի կիրառումը Հայաստանում կլուծի ոչ միայն առողջապահական, այլ նաև մի շարք սոցիալական խնդիրներ, որոնցից են.
• բյուջետային միջոցների սահմանափակ ներգրավմամբ առողջապահության ֆինանսավորման էական ընդլայնում,
• առողջապահության բնագավառի աշխատողների աշխատավարձերի բարձրացում,
• առողջապահության համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն,
• բնակչության սոցիալապես անապահով խավի համար բժշկական սպասարկման սոցիալական երաշխիքներ,
• բնակչության համընդհանուր մասնակցություն առողջապահության բնագավառում:
ՊԲԱ համակարգի ներդրմանը զուգահեռ անհրաժեշտ է նաև պայմաններ ստեղծել կամավոր բժշկական ապահովագրության (ԿԲԱ) համակարգի զարգացման համար: Հայաստանում ԿԲԱ համակարգն առայժմ թույլ է զարգացած: Նման գնահատականի հիմք է հանդիսացել ԿԲԱ համակարգում բնակչության ընդգրկվածության աստիճանը (որը չի գերազանցում բնակչության ընդհանուր թվաքանակի 0.5%-ը), բուժհաստատություններում բուժօգնություն ստանալու համար դիմած անձանց ընդհանուր թվաքանակում ապահովագրված անձանց տեսակարար կշիռը (որը չի գերազանցում 3%-ը), ինչպես նաև առողջապահության ընդհանուր ծախսերում ԿԲԱ ընկերությունների կատարած ծախսերը(0.3) : Անհրաժեշտ է մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք կհանգեցնեն ապահովագրական ընկերությունների ռիսկի նվազմանը, առաջարկվող ծառայությունների փաթեթի ընդլայնմանը: Հետևապես, ժամանակակից պայմաններում անգնահատելի է առողջապահական ոլորտի կառավարման կատարելագործման դերն ու նշանակությունը:
Առողջապահական համակարգի գործունեության բարելավման և արդյունավետ կառավարման համար խիստ անհրաժեշտ է էլեկտրոնային միասնական առողջապահական տեղեկատվական համակարգի ներդրումը` թափանցիկ և ճշգրիտ տվյալների հավաքագրման և գնահատման համար, որն առանցքային կարևորություն կունենա հետագա բարեփոխումների, հստակ միջոցառումների ռազմավարության և քաղաքականության մշակման համար: |
en_US |