Abstract:
Ներածություն
Մագիստրոսական թեզի թեմայի արդիականությունը: Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը այլոց շարքում սահմանում է պետական իշխանության կազմակերպման հիմնարար կանոնները: Յուրաքանչյուր ժամանակակից սահմանադրություն ունի առաջնային խնդիրներ, ինչպես օրինակ, մարդու հիմնական իրավունքների երաշխավորումը, ժողովրդավարության ու իրավական պետության պահանջներին համապատասխանող պետական իշխանության մարմինների համակարգի սահմանումը:
Մեր օրերում պետական իշխանությունն անխուսափելիորեն ենթադրում է պետության և հասարակության, սոցիալական տարբեր մակարդակների և խմբերի, քաղաքական ինստիտուտների, պետական կառավարման կառույցների, կուսակցությունների, քաղաքացիների և նրանց միջև առկա փոխհարաբերությունների կարգավորում: Այս պահանջը գործնականում իրագործվում է ինստիտուցիոնալ այնպիսի համակարգի միջոցով, ինչպիսինն է գործադիր իշխանությունը: Ուսումնասիրվող խնդրի համատեքստում կարևորվում է այն հանգամանքը, որ քաղաքական իշխանությունն անխուսափելիորեն ենթադրում է պետական իշխանության մարմինների, քաղաքական և ոչ քաղաքական գործընթացների տարբեր մակարդակների կառավարում ու վերահսկում, ինչը գործնականում կարող է իրագործվել միայն գործադիր իշխանության՝ սահմանադրորեն կամ օրենսդրական այլ ակտերով ամրագրված տարբեր մակարդակների լիազորություններով:
Միաժամանակ, ինչպես ամբողջության մեջ վերցրած, հասարակության քաղաքական համակարգի կառավարումը, այնպես էլ քաղաքական ռեժիմի և պետական կարգի կայացումն անհնար է առանց տվյալ հասարակությանը բնորոշ կառավարման ձևի : Պետական իշխանությունը կարող է վերջնական և ավարտուն տեսք ունենալ միայն համապատասխան գործադիր իշխանության գործառնական ամբողջության միջոցով :
Իշխանության երեք թևերի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների հարաբերականորեն անկախ կենսագործունեությունը հիմք է հակակշիռների մեխանիզմի ձևավորման և վերջինիս միջոցով ներպետական կյանքում հավասարակշռված քաղաքականության իրականացման համար:
Պետական կառավարումը պարտադիր պարունակում է երեք տարր՝ որոշման ընդունում, կատարում և դրա իրականացման վերահսկողություն: Որպես պետական գործունեության անբաժանելի մաս՝ պետական կառավարումն ապահովում է գործադիր իշխանության իրականացում, որի ժամանակ, ըստ էության, տեղի է ունենում պետության գործառույթների և խնդիրների լուծման իրականացման «գործադիր գործունեություն»: Այդ գործընթացի բնականոնությունն ապահովելու համար ստեղծվում են համապատասխան մարմիններ , որոնք գործում են օրենքի և իրենց ամրագրված լիազորությունների շրջանակներում, իսկ գործադիր իշխանության գործունեությունը համարվում է պետության կառավարման կարևոր բաղկացուցիչը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրաիրավական համակարգի որդեգրած իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան պետական իշխանության եռաթև կառուցվածքում բացառիկ կարևոր դերակատարում ունի գործադիր իշխանությունը, որն, ի դեմս գործադիր իշխանության բարձրագույն կոլեգիալ մարմնի` կառավարության, պետության գլխավոր լծակն է իրավակիրառ կենսագործունեության համար :
Գործադիր իշխանությունը պետական քաղաքականության մշակողն է հասարակական կենսագործունեության տարբեր բնագավառներում և անմիջականորեն այն իրագործող պետական իշխանության թևն է: Շատ դեպքերում, ինքնին, գործադիր իշխանության կազմակերպման մակարդական է թույլ տալիս գնահատել պետական իշխանության գործունեության արդյունավետությունը, քաղաքացիական հասարակության հետ նրա համագործակցության աստիճանը, դատողություններ անել հասարակության սոցիալական, գիտակրթական մակարդակի, երկրում օրինականության, ինչպես նաև այն բոլոր հիմնարար սկզբունքների մասին :
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր, երբ իշխանությունների տարանջատումը ճանաչվեց որպես պետության սահմանադրական կարգի հիմնասյուներից մեկը և դրան համապատասխան գործադիր իշխանությունը վերածվեց պետական իշխանության ինքնուրույն և անկախ թևի, տեղի ունեցավ գործադիր իշխանության էության և նշանակության վերաբերյալ մոտեցումների կտրուկ վերաիմաստավորում, ինչը կանխորոշեց խորքային բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը՝ չափազանց կարևոր նշանակություն տալով կայուն և արդյունավետ գործունեություն ծավալող գործադիր իշխանության ստեղծման անհրաժեշտությանը :
1991թ-ի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեից սկսած ՝ Հայաստանը թևակոխեց զարգացման նոր՝ հասարակական-քաղաքական կյանքի արմատական վերափոխումների փուլ : Նորանկախ պետությունը ձեռնամուխ եղավ պետական իշխանության մարմինների գործուն համակարգի ստեղծմանը և օրենսդրական նոր դաշտի ձևավորմանը :
1995 թվականին ընդունված Սահմանադրությունը ժամանակի ընթացքում ենթարկվել է տարբեր փոփոխությունների` հիմքում ունենալով տարբեր նպատակադրումներ, այդ թվում` պետական իշխանությունը, առաջին հերթին, որպես հանրային իշխանության գաղափարը հասարակության գիտակցության մեջ արմատավորելը: Պրակտիկայում, սակայն, շատ հաճախ նկատում ենք իրավիճակ, երբ երկրի քաղաքացին չի պատկերացնում, թե ինչ ասել է «հանրային իշխանություն»: Այս գաղափարը երբ 2015թ. դեկտեմբերին դրվեց ՀՀ Սահմանադրության մեջ, փոխարինեց պետական իշխանությունը հանրային իշխանությամբ :
Դեռ երկար ժամանակ է հարկավոր, որ այն դառնա ապրելակերպ, ոչ թե որոշ խնդիրների լուծման բանալի:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2005 թվականի փոփոխություններով իշխանության տարբեր թևերի միջև սահմանված էր հակակշիռների և զսպումների բավականին կենսունակ համակարգ: Ըստ այդմ, գործադիր իշխանությունը պատասխանատու է հանրային կյանքի բոլոր ոլորտներում պետական քաղաքականության մշակման համար:
Անկախության տարիների պետական կառավարման փորձի վերլուծությունն ավելի քան ակնհայտ դարձրեց կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Ակներև էր, որ ի թիվս այլ գործոնների, նաև պետական կառավարման համակարգի անկատարությամբ պետք էր բացատրել այն իրողությունը, որ հանրային կյանքում մի շարք համակարգային բնույթի արատներ շարունակում էին առօրյա կյանքում ստեղծել բարդ խնդիրներ բնակչության համար: Արդյունքում՝ առավել խորացավ կյանքի որակի և ապրելու պայմանների ակնհայտ անհամապատասխանությունը մեր քաղաքացիների պահանջներին և սպասելիքներին: Հանրային կյանքի այս հիմնախնդրի լուծումը շատ դեպքերում պայմանավորված է պետական իշխանության` հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու կարողությամբ:
Մեր երկրում 1995-2005 թթ. Գործադիր իշխանության ոլորտում տեղի են ունեցել բազում կառուցվածքային փոփոխություններ` տարբեր կառույցների միավորումներ, անջատումներ, նոր կառույցների ստեղծում: Դրանք հետապնդել ու ներկայումս էլ հետապնդում են արդյունավետ կառավարման եղանակների ներդրման նպատակ:
Հայասանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով իրականացվեց Հայաստանի Հանրապետության կառավարման ձևի փոփոխության՝ կիսանախագահական ձևից անցում կատարելով խորհրդարանական կառավարման ձևին։
Մագիստրոսական թեզի թեմայի արդիականությունը պայմանավորված է ներկայիս ՀՀ Գործադիր իշխանության սահմանադրաիրավական կարգավիճակին առնչվող հիմնախնդիրների ձեռք բերած տեսական և գործնական մեծ նշանակությամբ: Հատկանշական է այն փաստը, որ բուն թեմայում դիտարկվող հարցը` 2015թ-ի սահմանադրական փոփոխության արդյունքում խնդրահարույց է այն տեսանկյունից, որ ուժի մեջ կմտնի միայն 2018թ-ի ապրիլ ամսից հետո, և այդ պարագայում բազմաթիվ իրավական նորմեր, օրենքի նախագծեր դեռևս մշակման և քննարկման փուլում են:
Նորանկախ պետականության 2015 թվականի բարեփոխված Սահմանադրության լույսի ներքո ՀՀ գործադիր իշխանության գործառույթների հետազոտությունը խիստ կարևոր է նրա գործունեության հետագա բարելավված կողմերը դիտարկելու համար և այն բազմավեկտորային է.
Հետազոտության առարկան է հանդիսանում պետական իշխանության համակարգի գործադիր իշխանության գործառույթները:
Մագիստրոսական թեզի հետազոտման օբյեկտ է հանդիսացել ՀՀ գործադիր իշխանության կողմից իրականացվող գործառույթների հիմքերի կատարելագործման արդյունքում՝ հասարակության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում իրականացվող կառավարումը:
Հետազոտման հիմնական նպատակներն են եղել`
ՀՀ պետական կառավարման համակարգում գործադիր իշխանության կատարելագործման ուսումնասիրությունն և արդյունավետ գործադիր իշխանության ապահովման վերլուծությունը, ինչպես նաև, 2015թ. Սահմանադրական բարեփոխումների անդրադարձը գործադիր իշխանության վրա, այդ բարեփոխման արդյունքում գործադիր իշխանության զարգացման ուղղությունները :
Կատարել վերլուծություններ այն բոլոր հիմնախնդիրների համար, որոնք կապված են գործադիր իշխանության հետ ընդհանրապես և նրա կազմակերպման ու գործունեության կարգի, իրավաասության շրջանակների և պատասխանատվության հետ :
Հայաստանի Հանրապետության և արտասահմանայան մի շարք երկրների սահմանադրությունների և օրենսդրության, սահմանադրական զարգացման միջազգային փորձի ուսումնասիրության և դրա՝ ներպետական սահմանադրական պրակտիկայի հետ համադրման և համեմատման, տրամաբանական վերլուծության հիման վրա ուսումնասիրվել է գործադիր իշխանության սահմանադրական կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում՝ բացահայտելով առկա առավել կարևոր և գիտագործնական նշանակություն ունեցող հիմնախնդիրները :
Հետազոտման խնդիրն է եղել`
Պարզել, թե աստիաճանական ինչպիսի զարգացման արդյունքում է ձևավորվել ներկայիս գործադիրի գործառույթները,
Վերլուծել գործադիր իշխանության կողմից, ինչպես նաև, գործադիր իշխանության նկատմամբ իրականացվող վերահսկողական գործառույթները,
Բացահայտել գործադիր իշխանության տեղը իշխանությունների բաժանման և հավասարակշռման համակարգում,
Բացահայտել գործադիր իշխանության և իշխանության այլ մարմինների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները:
Մագիստրոսական թեզի համար տեղեկատվական հիմք են հանդիսացել հանրային կառավարման, քաղաքական կառավարման վերաբերյալ գրականությունը, գործադիր իշխանությանը վերաբերող ՀՀ Օրենքները, ենթաօրենսդրական ակտերը , արտասահմանյան հետազոտողների աշխատությունները, համացանցային կայքերը: Հետազոտության ընթացքում առաջադրված խնդիրների լուծման համար օգտագործվել են ճանաչողական ժամանակակից մի շարք մեթոդներ՝ համակարգային, վերլուծական և այլն :
Մագիստրոսական թեզի ծավալն ու կառուցվածքը պայմանավորված են առաջադրված նպատակով և խնդիրներով : Այն բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից , եզրակացությունից ,օգտագործված գրականության ցանկից, հավելվածից` ընդհանուր 96 էջ: