Abstract:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մագիստրոսական թեզի թեմայի արդիականությունը: Տեղեկատվական հասարակության գոյաբանական որոշիչները նոր մարտահրավերներ են նետում հասարակական զարգացման ընթացքին թե´ քաղաքական, թե´ տնտեսական, թե´ մշակութային, թե´ սոցիալական չափումներում։ Հասարակական լայն շերտերի աշխարհայացքային, գոյաբանական փոփոխությունները կերպափոխում են սոցիալական ենթահամակարգերի գործունեության չափանիշներն ու գործիքարանը` անմիջականորեն ազդեցություն գործելով քաղաքական գործընթացի, քաղաքական զարգացման, ժողովրդավարացման, քաղաքական ուժերի`իշխանական ոլորտում գործողությունների ռազմավարական առաջնահերթությունների, քաղաքական մասնակցության և սոցիալականացման գործընթացնի վրա: Հետարդյունաբերական հասարակություններում տեղեկատվական ոլորտը հետզհետե դառնում է տնտեսության շարժիչը, իսկ գիտելիքը` ամենապահանջված «ապրանքը» ։ Այս համատեքստում քաղաքական զարգացման և արդիականացման գործընթացում գտնվող հասարակություններում կարևորվում է համացանցի դերի արժևորումը քաղաքականության ինչպես լոկալ, այնպես էլ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում` համարժեք պատասխանելու համար գլոբալացվող աշխարհի մարտահրավերներին։ Քաղաքական գործընթացները դեռևս դարասկզբից միտում ունեն տեղափոխվելու վիրտուալ հարթակ` պաայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացմամբ, իսկ համացանցային իրականությունը կերպափոխման է ենթարկում այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք են պետական սուվերենությունը, քաղաքական մասնակցության ձևերը, բոլոր տեսակի հիերարխիկ ինստիտուտները, և, վերջապես, քաղաքականության սուբյեկտների և օբյեկտների փոխգործողության տարածությունը ։
Փաստորեն, տեղեկատվական հասարակության բերած նոր գոյաձևը կարող է դիտարկվել և´ որպես մարտահրավեր և´ որպես հնարավորություն քաղաքական զարգացման, ժողովրդավարացման և արդիականացման հրամայականների շրջափուլում գտնվող հասարակությունների համար, քանի որ մի կողմից անկառավարելի են դառնում ինֆորմացիոն հսկայական հոսքերը (որը հիմնականում պայմանավորված է զարգացող երկրներում հասարակական ենթահամակար դերի զարգացման ոչ բավարար մակարդակով և համապատասխան օրենսդրական դաշտի անկատարությամբ), սոցիալական ցանցերի միջոցով ատեղծվում է քաղաքական մասնակցության պատրանքային տարածություն, մյուս կողմից, համացանցի շնորհիվ աննախադեպ արագանում են ինֆորմացիայի ստեղծման, տեղափոխման, մշակման, օգտագործման, ձեռնածության(մանիպուլիյացիյա) ինչպես նաև հասարակություն-պետություն-բիզնես տրիպարտիզմի հաղորդակցման գործընթացները։
ԽՍՀՄ փլուզումից հետո սկիզբ առած հետխորհրդային կերպափոխման գործընթացը սկիզբ դրեց Հայաստանի Հանրապետությունում հասարակական և քաղաքական կյանքի ամբողջ հյուսվածքի արմատական փոխակերպմանը: Որդեգրելով պետության կառավարման ժողովրդավարական ուղին` ՀՀ–ում սկիզբ դրվեց հասարակություն-պետություն փոխհարաբերությունների որակապես նոր մոդելների ձևավորմանը. անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության քաղաքական կերպափոխման գործընթացը խարսխված է ժողովրդավարական ինստիտուտների հաստատման և ամրապնդման վրա, այսինքն ՀՀ քաղաքական զարգացման գործընթացը տեղավորվում է Անցում- համախմբում հարացույցի շրջանակներում ։
Հաշվի առնելով գլոբալ զարգացման հրամայականները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության գիտակրթական ներուժի համեմատական բարձր մակարդակը, տարածքային, բնական ռեսուրսների և տրանսպորտային ուղիների սահմանափակումները, հարկ է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական արդիականացումը և մասնավորապես Անցում-համախմբում հարացույցի կենսագործումը մեծապես պայմանավորված է տեղեկավական հասարակության հայեցակարգի կայացմամբ և համացանցային գործիքների կիրառմամբ:
Դեռևս 2008 թվականին ՀՀ Կառավարության N35 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին» , որի իրականացման համակարգումը հանձնարարվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը: Ըստ վերոհիշյալ փաստաթղթի, ՏՏ զարգացման տեսլականը պիտի հանգի կայացած տեղեկատվական հասարակության և միջազգային շուկայում մրցունակ տեղական ՏՏ արտադրանքի ստեղծմանը:
Հետազոտության հիմնական նպատակը: Սույն հետազոտության նպատակն է դիտարկել համացանցի, մասնավորապես համացանցային գործիքների կիրառման դերն ու նշանակությունը արդյունաբերական չորրորդ հեղափոխության, տեղեկատվական հասարակության, գիտելիքահեն տնտեսության, քաղաքական զարգացման և արդիականացման, ժողովրդավարացման հայեցակարգերի շրջանակներում` բացահայտելով վերջինիս դերն ու նշանակությունը նախ գլոբալ, ապա տարածաշրջանային և լոկալ մակարդակում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում: ՀՀ ում համացանցային գործքների տեղի ու դերի բացահայտումը արժեվորումն ու զարգացման հեռանկարների սահմանումը միյայն հնարավորություն կտա համարժեք պատասխանել քաղաքական զարգացման, ժողովրդավարացման, արդիականացման և հետարդիականացման գործընթացի մարտահրավերնորին` մի կողմից ապահովելով երկխոսության մշակույթի արմատավորումը հասարակության բոլոր շերտերի միջև, մյուս կողմից նվազագույնի հասցնելով քաղաքական զարգացման Ճգնաժամերի հավանականությունը:
Հետազոտության հիմնական խնդիրները: Համագումարոլով վերը նշվածը, հարկ ենք համարում առանձնացնել հետազոտության իրականացման հետևյալ գործնական խնդիրները.
• Համացանցի օգտագործման գոյաբանական միջավայրի տեսական բացահայտումը` հիմնված Հետինդուստրիալիզմի, Քաղաքական զարգացման, մոդերնիզացիայի, պոստմոդեռնիզացիայի տեսությունների հիմնադրույթների վրա ։
• Համաշխարհային հաջողված փորձի ուսումնասիրությունը(Որպես օրինակ ենք վերցրել ԱՄՆ և Էստոնիայի փորձը)։
• ՀՀ քաղաքական համակարգի դերակատարների կողմից համացանցային գործիքների կիրառության պատմահամեմեատական ուսումնասիրություն:
• Վիրտուալ անվտանգության հրամայականի ուսումնասիրություն:
Հետազոտության Օբյեկտը ՀՀ քաղաքական զարգացման գործընթացն է, որպես բազմաշերտ, շարունակական գործընթաց:
Հետազոտության առարկան համացանցի ներգործությունն է ՀՀ քաղաքական համակարգի վրա:
Հետազոտության ընդհանուր մեթոդաբանությունը և գրականության տեսությունը: Հաշվի առնելով հետազոտության թեմայի գիտական ճանաչողության խորությունն ու բազմաչափությունը, աշխատանքը իրականացվել է քաղաքական գիտության արդի պահանջներին համապատասխան. հիմք են ծառայել պատմական, գիտական, օբյեկտիվության և հավաստիության սկզբունքները: Ընդհանուր գիտական մեթոդներից կիրառվել են ինդուկցիայի, դեդուկցիայի, փաստաթղթերի բովանդակային վերլուծության, համադրման մեթոդները: Օգտագործվել են նաև տրամաբանական, նկարագրողական, համակարգային վերլուծության մեթոդները:
Հետազոտության իրականացման նպատակով դիտարկվել են ոլորտի վերաբերյալ ինչպես համաշխարհային, այնպես էլ հայրենական հեղինակների աշխատությունները: Հետազոտության տեսական հիմքն են Է.Թոֆլերի, Դ.Բելլի, Մ.Կաստելսի , Թոմաս Ֆրիդմանի ինչպես նաև Ռ.Ինգլհարտի ուսումնասիրությունները։ Հայրենական գիտական միտքը, ցավոք, հարուստ չէ համացանցի և քաղաքական գործընթացի կապը բացահայտող աշխատություններով. Համացանցային տարածության վերաբերյալ հայրենական աշխատանքները(հիմնականում գիտական հոդվածներ) մեծամասամբ նվիրված են համացանցային իրականության դիպվածային ասպեկտներին, ինչպես օրինակ վիրտուալ անվտանգությունը, ինֆորմացիոն պատերազմները, սոցիալական ցանցերը, Էլ.Կառավարումը։ Չնայած այս ամենին, ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի կայացման ուղղությամբ աշխատանքները սակավաթիվ են, իսկ առկա վերլուծություններն հիմնականում վերաբերում են տեղեկատվական հասարակության կայացման նախադրյալներին :
Հետազոտության Գիտական Նորույթը: Աշխատանքը բաղկացած է 3 գլուխներից, ներածության և եզրակացության բաժիններից։ Առաջին գլուխը նվիրված է տեսական քաղաքական զարգացման, քաղաքական արդիականացման հիմնահարցերին. դիտարկված են քաղաքական գործընթացի, քաղաքական զարգացման, քաղաքական մոդեռնիզացիայի, պոստմոդեռնիզացիայի տեսությունները մինչինդուստրիալիզմի, ինդուստրիալիզմի, հետինդուստրիալիզմի հարացույցի շրջանակներում: երկրորդ գլխում ներկայացված է Էլ. կառավարության տեսական հիմնադրույթները, ինչպես նաև միջազգային հաջողված փորձը, իսկ երրորդ գլուխում քննարկվում էլ. կառավարության բնագավառում կուտակած ՀՀ փորձն ու հնարավոր զարգացման ուղիները։ Եզրակացության բաժնում արված են առաջարկություններ: