Abstract:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Թեմայի արդիականությունը: Համաշխարհային տնտեսության գլոբալացման արդի պայմաններում ՀՀ տնտեսության առջև ի հայտ են գալիս նորանոր մարտահրավերներ և վերջիններիս հաղթահարման բազմապիսի տարբերակներ: Այս տեսանկյունից հիմնական խնդիը, որն արդիական է և՛ ազգային տնտեսության, և՛ նրա առանձին տարածքային սուբյեկտների մակարդակով, դա մրցունակության ապահովումն է:
Ընդհանուր տնտեսության մրցունակության ձևավորման և բարձրացման գոյություն ունեցող բազմաթիվ տեսություններից այսօր առավել արդյունավետ կիրառում է ստացել համապատասխան ոլորտներում կլաստերների ներդրումն ու գործունեության ապահովումը: Կլաստերները, լինելով տնտեսության կարևորագույն բաղկացուցիչ և զարգացման հիմնական կրողներ, առաջադրում են բարձր արդյունավետ ուղիներ արագ աճի ապահովման համար: Կլաստերները հետազոտությունների համեմատաբար նոր բնագավառ են, և դրանց ձևավորումը նույնպես նոր երևույթ է:
ՀՀ տնտեսությունը, այսօր բախվում է ոչ միայն համաշխարհային շուկայում իր մրցունակության բարձրացման, այլև տարածքային համաչափ զարգացման հիմնախնդրին, ինչը ՀՀ տնտեսության կայուն զարգացման կարևոր գրավականներից է։
ՀՀ-ում տարածքային անհամաչափությունն առավել վառ արտահայտված է Երևանի և մարզերի սոցիալ տնտեսական զարգացման տարբերությունների մեջ: Երևանում են կենտրոնացված երկրի խոշորագույն ձեռնարկությունների մեծ մասը, սոցիալական սպասարակման կենտրոնները, խոշորագույն համալսարանները, գիտահետազոտական կենտրոնները և այլն: Բացի այդ Երևանում է կենտրոնացված երկրի բնակչության մոտ 36%-ը, ինչը, ըստ էության, օտարերկրյա ներդրողների համար ավելի շահավետ է դարձնում ներդրումներ իրականացնել հենց այս տարածքում: Այս հանգամանքը տարեցտարի ավելի է խորացնում Երևանի և մյուս տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման միջև առկա անհամաչափությունը:
Կարևորելով վերը նշված խնդիրների լուծումը, անհրաժեշտ է մշակել և իրականացնել գործնականում կիրառելի և գիտականորեն հիմնավորված կլաստերային քաղաքականություն, որը հաշվի կառնի ինչպես ազգային տնտեսության մրցակցային առավելությունները այլև հնարավորություն կտա ամբողջությամբ օգտագործել ՀՀ մարզերին բնորոշ բնական ռեսուրսների և մարդկային կապիտալի ներուժը։
ՀՀ-ում տնտեսության կլաստերացման հնարավորությունների բացահայտումը և գործնական կիրառումը էական դեր կխաղա ձեռնարկությունների, տնտեսության մրցունակության բարձրացման, արտահանման կառուցվածքի ու աշխարհագրության ընդլայնման և, որպես հետևանք, տնտեսական աճի ապահովման գործընթացերում:
Հետազոտության նպատակ և խնդիրներ: Աշխատանքի նպատակը ՀՀ-ում կլաստերների ձևավորման հիմնախնդիրների, հնարավորությունների և զարգացման հեռանկարների բացահայտումն է: Սահմանված նպատակին հասնելու համար աշխատանքում առաջադրվել և լուծվել են հետևյալ խնդիրները.
• ուսումնասիրել «կլաստեր» հասկացության տնտեսագիտական բովանդակությունը, կլաստերների ծագման և զարգացման տեսամեթոդաբանական հիմքերը ու խնդիրները,
• դիտարկել կալստերների ձևավորման և զարգացման քաղաքականության իրականացման միջազգային փորձը,
• բացահայտել ՀՀ տնտեսության կլաստերացման հիմնախնդիրները,
• առաջադրել կլաստերների ձևավորման և զարգացման հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլեր:
Աշխատանքի օբյեկտը և առարկան: Աշխատանքի օբյեկտ է հանդիսանում ՀՀ-ում կլաստերների ձևավորման հնարավորություններ ունեցող ոլորտներում կլաստերների ձևավորման և զարգացման հիմնախնդիրները։ Առարկա է հանդիսանում կլաստերների ձևավորման և զարգացման հեռանկար ունեցող ճյուղերի և մարզերի բազմությունը։
Աշխատանքի մեթոդական, տեսական և տեղեկատվական հիմքերը: Աշխատանքում հետազոտության իրականացման ժամանակ օգտագործվել են համակարգային մոտեցման և համեմատական վերլուծության, վիճակագրական, տեսամեթոդական վերլուծության մեթոդներ: Աշխատանքի համար տեսական հիմք են հանդիսացել կլաստերների ձևավորման և զարգացման բնագավառում հայրենական և արտասահմանյան մի շարք գիտնականների կողմից կատարված հետազոտությունները, հրապարակումները, գիտավերլուծական նյութերը, ՀՀ օրենքները, ՀՀ կառավարության որոշումները, իրավական այլ ակտերը, այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների օրենսդրական և նորմատիվային փաստաթղթերը: Աշխատանքի տեղեկատվական հիմքը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2006-2016թթ. կտրվածքով հրապարակած, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, հայասատանյան և միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալներն են:
Հետազոտության հիմնական արդյունքները: Հետազոտության հիմնական արդյունքներն են.
• ներկայացվել են կլաստերների ձևավորման և զարգացման տեսական դրույթները, կլաստերային քաղաքականության մոդելներն ու հիմնական սկզբունքներն,
• ուսումնասիրվել են տարբեր երկրներում կլաստերային քաղաքականության իրականացման առանձնահատկությունները,
• վերլուծվել է ՀՀ ազգային տնտեսության ճյուղային կառուցվածքը, և դրանից ելնելով՝ նաև առանձին ճյուղերի զարգացման տարածքային առանձնահատկությունները,
• Բացահայտվել են ՀՀ-ում կլաստերների ձևավորման և զարգացման հիմնախնդիրները,
• մշակվել են առաջարկություններ, որոնք հնարավորություն կտան զարգացնել երկրի առավել թույլ զարգացած տարածքները և հնարավորություն կտան ավելի արդյունավետ օգտագործել առանձին տարածքների զարգացման ներուժը:
Աշխատանքի կառուցվածքը և ծավալը: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք գլխից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից և հավելվածներից: Աշխատանքի ծավալը՝ առանց հավելվածների, կազմում է 97 էջ, պարունակում է 12 աղյուսակ, 12 գծապատկեր: