Abstract:
Ներածություն
Պահատվության պայմանագիրը քաղաքացիաիրավական հարաբերու-
թյուններում, մասնավորապես, ծառայությունների մատուցման ոլորտում համարվում է առավել տարածված պայմանագրերից մեկը։ Իրի պահպանության ապահովման պահանջը, երբ սեփականատերը զրկված է իրեն պատկանող իրի պահպանության հնարավորությունից, կյանքի կոչեց դրա պահատվության հետ կապված հասարակական հարաբերությունները կարգավորող որոշակի կանոններ և նորմեր։
Ծառայությունների այս տեսակից օգտվում են ինչպես կենցաղային- անհատական պահանջմունքներից ելնելով (օրինակ՝ թատրոնի հանդիսատեսի կողմից վերարկուն ի պահ հանձնելը և այլն), այնպես էլ ձեռնարկատիրական պահանջմունքներից ելնելով, որոնք սերտորեն կապված են քաղաքացիական հարաբերություններում նյութական արժեքների շրջանառության հետ։
Արդի ժամանակներում, երբ գոյություն ունեն պահատվական տարաբնույթ ծառայություններ, ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում առաջնային ուշադրություն է հատկացվում պահատվական ծառայությունների հետ կապված հասարակական հարաբերությունների իրավական կարգավորումների անհրաժեշտությանը։ Քաղաքացիական իրավունքի տեսությունն ավանդապես առանձնացնում է պահատվության պայմանագրի մի քանի տարատեսակ, որոնց մասին գիտելիքներն օգնում են առավել լավ հասկանալ պահատվության մասին օրենսդրությամբ սահմանված կանոնների բնույթը։
Պահատվության պայմանագրային իրավահարաբերությունների ծագման հիմք կարող են հանդիսանալ նաև քաղաքացիաիրավական պայմանագրային որոշակի հարաբերություններ, որտեղ իրի պահատվության հետ կապված հարաբերությունները համարվում են ածանցյալ (օրինակ՝ առուվաճառքի պայմանագիրը (ՀՀ քաղ. Օր. 470- րդ հոդված), կոմիսիայի պայմանագիրը (ՀՀ քաղ. Օր. 791-րդ հոդված), բեռի փոխադրման պայմանագիրը (ՀՀ քաղ. Օր. 855-րդ հոդված) և այլն)։
Պահատվության պարտականությունն իրենից ներկայացնում է պահատվության պայմանագրի անբաժան մասը և տվյալ ոլորտում ձևավորվող հարաբերություններում
ինքնուրույն նշանակություն չունի։ Այդպիսի օրինակ կարող է ծառայել փոխադրողի պարտականությունը՝ ապահովել ընդունած բեռի պահպանությունը փոխադրման ընթացքում մինչև բեռն ընդունողին հանձնելը։ Այսպիսի դեպքերում պահատվության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ գլխի (պահատվություն) դրույթներով։
Թեմայի արդիականությունը։ Հաշվի առնելով արդի ժամանակներում գույքային հարաբերությունների բուռն զարգացումներն ու դրանց հետ կապված մատուցվող տարաբնույթ ծառայությունները՝ անհրաժեշտություն է առաջանում քաղաքացիների գույքային իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ օրենսդրական իրավակարգավորումների համակողմանի ուսումնասիրություն և լուսաբանում։
Միաժամանակ, ներկայումս աշխարհում գոյություն ունեցող տնտեսական և մշակութային զարգացումների մակարդակը կարող են հանգեցնել քաղաքացիների՝ գույքային իրավունքները կանոնակարգող օրենսդրական իրավակարգավորումների համատարած խախտումների։ Վերջիններից հնարավոր կլինի խուսափել, եթե հասարակությունը քաջածանոթ լինի պահատվության պայմանագրի կնքման և լուծման կարգին, ինչպես նաև համապատասխան պայմանագրաիրավական հարաբերությունների մասնակիցների իրավունքներին ու պարտականություններին, նշված իրավունքների խախտման դեպքում վրա հասնող պատասխանատվությանը և դրա առանձնահատկություններին։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետության ներկայիս տնտեսությունը բավականին լուրջ փոփոխությունների է ենթարկվում, որոնք հիմնականում կապված են գործարար շրջանակներում ապրանքային-շուկայական հարաբերությունների զարգացման հետ, հետևաբար, չափազանց կարևոր նշանակություն է ստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունների և առհասարակ, պետությունում բիզնես միջավայրի զարգացման ու կայացման տարրերի նկատմամբ առանձնակի ուշադրության ապահովումը։
Վերը շարադրվածով և մի շարք այլ հանգամանքներով էլ պայմանավորված էսույն աշխատանքի թեմայի ընտրությունը և կատարված ուսումնասիրությունների արդիականությունը։
Աշխատանքի օբյեկտը և առարկան - Աշխատանքի օբյեկտն է պահատվության իրավահարաբերությունները, որոնք ծագում են պահատվության պայմանագրի կնքման և կատարման գործընթացում, իսկ առարկան՝ պահատվության պայմանագրի քաղաքացիաիրավական կարգավորումը:
Ուսումնասիրության նպատակը և խնդիրները - աշխատանքի հիմնական նպատակն է համակողմանի ուսումնասիրության և վերլուծության ենթարկել Պահատվության պայմանագիրը որպես ՀՀ քաղաքացիական իրավահարաբերություններում ծառայություններ մատուցելու պայմանագրերի առանձնահատուկ տեսակ՝ հայրենական օրենսդրության և միջազգային փորձի համապարփակ վերլուծության միջոցով:
Վերը նշված նպատակներին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները`
1. Բացահայտել պահատվության պայմանագրի էությունը, նրա հիմնական դերն ու նշանակությունը որպես ժամանակակից քաղաքացիական իրավունքում ծառայությունների մատուցման պայմանագրի առանձնահատուկ տեսակ:
2. Ուսումանասիրել պահատվության պայմանագրի տարրերը, պայմանագրի կողմերի հիմնական իրավունքերը և պարտականությունները՝ կատարելով համեմատական վերլուծություն քաղաքացիական իրավունքի այլ պայմանագրերի հետ:
3. Հետազոտել Պահատվության պայմանագրի, նրա հատուկ տեսակներ հանդիսացող պահատվությունն ապրանքային պահեսում, պահատվությունը գրավատանը, պահատվությունը բանկերում, պահատվությունը տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում, պահատվությունը կազմակերպությունների հանդերձարաններում, պահատվությունը հյուրանոցում և Վեճի առարկա գույքի պահատվության (սեկվեստր), որոնք կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքի և պահատվության հատուկ տեսակների մասին ընդունված այլ օրենքներով և նորմատիվ-իրավական ակտերով, բացահայտել առկա օրենսդրական բացերը ու անհստակությունները:
4. Դիտարկել Պահատվության պայմանագրի կիրառական պրակտիկանինչպես ՀՀ քաղաքացիական իրավունքում, այնպես էլ Հին Հռոմի մասնավոր իրավունքում, տարբեր պետությունների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Անգլիայի դատական պրակտիկայում քաղաքացիական իրավունքի սուբյեկտների միջև ծագած պահատվական իրավահարաբերությունների համատեքստում:
Աշխատանքի մեթոդաբանական հիմքը - Ներկայացված աշխատանքում որպես գիտական հետազոտության հիմք օգտագործվել են հասարակագիտական մեթոդները: Դրանցից են՝ համեմատության, վերլուծության (անալիզ) և համադրության (սինթեզ) մեթոդները, պատմական վերլուծության մեթոդը, քննադատական մեթոդները:
Աշխատանքի իրավական հիմքը - ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՌԴ քաղաքացիական օրենսգիրքը և դրա մեկնաբանությունները, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենք, ՀՀ հարկային օրենսգիրք, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի բանկի կողմից արգելադրման ենթակա արժեքների վերաբերյալ 04.03.2016թ. պաշտոնական պարզաբանում, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի բանկի 07.06.2013թ. ՀՀ պետական պարտատոմսերի պահառության գործունեության կարգ:
Աշխատանքի տեսական հիմքը - Աշխատանքի կատարման ընթացքում հիմք են հանդիսացել Տ. Բարսեղյանի Ա.Հայկյանցի Գ. Ղարախանյանի Ս. Մեղրյանի ձեռնարկը, Սերգեեվի, Սուխանովի, Շերշենևիչի, Բռագինսկիի, Իսանովի և այլոց գիտական աշխատությունները:
Աշխատանքի կառուցվածքը - աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից և դրանց համապատասխան ենթագլուխներից, եզրակացությունից և գրականության ցանկից:
Առաջին գլխում ներկայացվում է ինչ է իրենից ներկայացնում պահատվության պայմանագիրը, դրա կիրառման պատմական փորձը և նշանակությունը հայրենական օրենսդրությունում, քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ մտնելիս պայմանագրի կողմերի, այն է պահատուի և պահառուի հիմնական իրավունքների և պարտականությունների բացահայտումը, նրանց պատասխանատվության
շրջանակները համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգի, ինչպես նաև պահատվության պայմանագրի համեմատական վերլուծությունը քաղաքացիական իրավունքի շրջանակներում կնքվող այլ պայմանագրերի հետ:
Երկրորդ գլխում դիտարկվում է պահատվության պայմանագրերի առանձին տեսակներ հանդիսացող՝ այն է պահատվությունը ապրանքային պահեստում, պահատվությունը գրավատանը, պահատվությունը բանկերում, պահատվությունը տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում, պահատվությունը հանդերձարաններում, վեճի առարկա գույքի պահատվությունը, ներկայացվում յուրաքանչյուրի իրավական կարգավորման առանձնահատկությունները, ազգային օրենսդրաիրավական դաշտի բացերը և թերությունները և մատնանշվում կատարվելիք օրենսդրական փոփոխությունները բացերը վերացնելու ուղղությամբ:
Երրորդ գլխում ներկայացվում է պահատվության իրավահարաբերությունների ձևավորման և զարգացման օրինաչափություններն ու առանձնահատկություններն ինչպես հայրենական օրենսդրության, այնպես էլ տարբեր երկրների իրավակիրառ պրակտիկայում: Ուսումնասիրության է ենթարկվել Ֆրանսիայի, Անգլիայի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության փորձը ՀՀ-ն համարելով որպես խորհրդային իրավական մշակույթի կրող: