Abstract:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ժամանակակից Հայաստանի Հանրապետության իրավունքի համակարգի պետական հատվածը կարգավորող կարևորագույն ճյուղերից է վարչական իրավահարաբերություններ կարգավորող վարչական իրավունքը՝ սահմանադրական իրավունքի հետ մեկտեղ: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրությունն ապահովում է իշխանության տարանջատման սկզբունքի կենսագործումը, իսկ վարչական իրավունքը դրան համապատասխան պետական կառավարչական մարմինների գործունեության կազմակերպումը և իրականացումը: Այսօր Հանրապետությունում տեղի ունեցող իրավական բարեփոխումների շրջանակում առանձնակի կարևորվում է նաև պետական գործադիր իշխանության, դրա առանձին մարմինների և ճյուղերի, ինչպես նաև դրանց կազմում ստուգիչ և վերահսկողական գործունեություն իրականացնող տեսչական մարմինների կազմակերպման և գործունեության իրավական կարգավորման և ժամանակակից աշխարհին համահունչ ֆունկցիոնալության ապահովման անհրաժեշտությունը: Այս համատեքստում պետք է նշենք, որ հանրապետությունում լայն թափ առած գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների արդիականացումը, նախկին տեսչությունների լուծարումը, օպտիմալացումը և նոր մակարդակի տեսչությունների ստեղծումն, անշուշտ, անհրաժեշտություն են առաջացնում ոլորտում լրացուցիչ ուսումնասիրությունների և հետազոտությունների կատարման, արտասահմանյան համապատասխան փորձի ուսումնասիրության և մեր հանրապետությունում դրա լավագույն կողմերի և լուծումների ներդրման: Այս հանգամանքով էլ, թերևս, ինչպես նաև ոլորտի առնչությամբ կատարված սակավաթիվ ուսումնասիրությունների առկայությամբ, պայմանավորված է ընտրված թեմայի արդիականությունը: Կարծում ենք, որ խնդրո առարկա ինստիտուտների համարժեք հետազոտությունը հնարավորություն կտա գիտագործնական չափանիշներով բացահայտել և վերհանել մեր երկրում հիշյալ ոլորտի էական խնդիրները և լուծումներ առաջարկել բարելավման և հետագա զարգացման ու կատարելագործման ուղղությամբ:
Հետազոտության առարկա են հանդիսանում ՀՀ-ում գործադիր իշխանության տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը, դրանց համապատասխան ինստիտուտները և, համապատասխանաբար, դրանցով կարգավորվող գործնական իրավահարաբերությունները և պրակտիկան:
Հետազոտության օբյեկտն են գործադիր իշխանության տեսչական մարմինների համակարգը, կառուցվածքը, տեսակները, դրանց իրավական կարգավիճակը, գործառույթները և առանձնահատկությունները:
Հետազոտության նպատակն է իրավական պետության պահանջներին համահունչ համակողմանի ուսումնասիրության ենթարկել գործադիր իշխանության տեսչական մարմինները և դրանց կազմակերպումը և գործունեությունը կարգավորող օրենսդրությունը և դրա հիման վրա ներկայացնել ներկայիս ժամանակաշրջանում իրականացվող բարեփոխումների համատեքստում վերոնշյալ ինստիտուտների հայեցակարգային հիմնադրույթները, վերհանել դրանց օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, մասնավորապես, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում և ՀՀ այլ իրավական ակտերում դրանց կարգավորման բացերն ու թերությունները և ներկայացնել դրանց բարելավման արդյունավետ ուղիներ։
Հետազոտության ընթացքում կիրառվել են հետազոտության ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ հատուկ մեթոդներ։ Մասնավորապես, կիրառվել են դիալեկտիկական, համակարգային-կառուցվածքային, միջառարկայական-կառուցվածքային, վերլուծական, ընդհանրացման, համեմատական-իրավական, իրավական նորմերի քերականական, լեզվատրամաբանական մեկնաբանման մեթոդները։
Հետազոտության նորմատիվ իրավական հենքն են կազմում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ՀՀ իրավական ակտերը, որոնց շարքում պետք է շեշտել «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, միջազգային պայմանագրերը:
ՈՒսումնասիրության առարկայով պայմանավորված՝ հետազոտության տեսական հիմքը առավելապես պետական, վարչակառավարչական իրավահարաբերություններին և գործադիր իշանության և դրա կազմում գործող ստուգիչ և վերահսկողական գործունեություն իրականացնող տեսչական մարմիններին անդրադարձող գիտական աշխատություններն են՝ հրատարակված գրքեր, ատենախոսություններ, սեղմագրեր, մենագրություններ, գիտական հոդվածներ և այլն: Այս առնչությամբ կարևոր ներդրում ունեն ինչպես հայ, այնպես էլ ռուս և այլազգի իրավագետները, որոնց գիտական եզրահանգումներն ու նկատառումները հանգամանորեն ուսումնասիրվել են սույն աշխատանքում: Հայրենական հեղինակներից կարելի է առանձնացնել Գ. Դանիելյանի, Ն. Այվազյանի, Գ. Իսրայելյանի, Է. Օրդյանի, Հ. Հակոբյանի, Գ. Արսենյանի, Գ. Հարությունյանի, Ա. Զալինյանի, Ռ. Եղյանի, ռուս գիտնականներից, հատկապես, Դ. Բախրախի, Յու Ստարիլովի, Յու. Կոլեսնիչենկոյի, Ա. Կրամնիկովի, Ա. Պիկուլկինի, Գ. Ատամանչուկի, Մ. Ստուդենտկինի, Լ. Իվանովի, Ի. Նազարովի, Ն. Գլազունովի, իսկ արտասահմանյան հեղինակներից՝ Է. Ջոհաննեսի, Ջ. Քոֆֆի և այլոց աշխատությունները։ Գիտական հետազոտության համար հիմք են ընդունվել նաև խնդրո առարկային վերաբերող էլեկտրոնային նյութեր, հրապարակումներ համացանցից և այլն։
Աշխատության գիտագործնական նշանակությունը կարևորվում է հետագա տեսչական մարմինների գործունեության առնչությամբ իրավական բարեփոխումների ուղղությունները և եղանակները վերանայելու, ինչպես նաև դրանք առավել իրատեսական ու արդյունավետ դարձնելու վերաբերյալ այնպիսի կոնկրետ եզրահանգումների առաջադրմամբ, որոնք կարող են ունենալ համապատասխան կիրառական արժեք և նպաստել օրենսդրական բազմաթիվ թերությունների վերացմանը։
Աշխատանքի գիտական նորույթն այն է, որ հայրենական իրավագիտության ասպարեզում փորձ է արվել գիտական չափանիշներով ներկայացնել գործադիր իշխանության տեսչական մարմինների գործունեությանը վերաբերող առավել խնդրահարույց հիմնախնդիրների վերհանման և դրանք լուծելու և բարելավելու ուղիների մշակման առնչությամբ համալիր ու ամբողջական հետազոտություն։ Գիտական արժեք են ներկայացնում նաև տեսական եզրահանգումների հիման վրա օրենսդրական մի շարք փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությունները:
Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, դրանցում ընդգրկված 6 պարագրաֆներից, եզրակացությունից, ինչպես նաև օգտագործված գրականության ցանկից: Ներածության մեջ հիմնավորված է թեմայի արդիականությունը, ներկայացված են թեմայի գիտական հետազոտման աստիճանը, հետազոտության առարկան, օբյեկտը, նպատակներն ու խնդիրները, հետազոտության աղբյուրագիտական և նորմատիվաիրավական հենքը, մեթոդաբանական հիմքերը, հետազոտության գիտագործնական նշանակությունը, գիտական նորույթը: Աշխատանքի առաջին գլուխը նվիրված է ՀՀ գործադիր իշխանության տեսչական մարմինների համակարգի կառուցվածքի և իրավական կարգավիճակի ուսումնասիրությանը: Դրանում հանգամանորեն ուսումնասիրվել և վերլուծվել են գործադիր իշխանության տեսչական մարմինների կառուցվածքը, իրավական կարգավիճակը, ինչպես նաև դրանց գործունեության իրավական կարգավորումը: Աշխատանքի երկրորդ գլուխը նվիրված է ՀՀ գործադիր իշխանության տեսչական մարմինների տեսակների, դրանց գործառույթների և առանձնահատկությունների ուսումնասիրմանը: Իսկ ահա աշխատանքի երրորդ գլխում ուսումնասիրվել է գործադիր իշխանության տեսչական մարմիններ գործունեության բնագավառում միջազգային փորձը, ինչպես նաև ՀՀ գործադիր իշխանության տեսչական մարմինների համագործակցությունը արտասահմանյան երկրների համապատասխան մարմինների հետ և փորձի փոխանակումը: