Abstract:
Նախաբան
Պետությունների համագործակցության ինտենսիվացման և միջազգային իրավակարգի բովանդակային վերափոխման հետ զուգահեռ ընդլայնվում է նաև միջազգային հանցավորության առարկան և կատարման շրջանակները: Այն դուրս գալով կոնկրետ պետությունների տարածքից և աշխարհագրական տարածաշրջաններից, առաջ է բերում նորանոր խնդիրներ, որոնք առանձին վերցրած պետությունները ի զորու չեն լուծել: Դա է պատճառը, որ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության հրամայականը պետություններին մղում է ոչ միայն ավելի արդյունավետ դարձնել այս ոլորտում առկա պայքարը, այլ փնտրել և գտնել պայքարի նոր ձևեր և մեթոդներ:
Այսօր, նշված ոլորտում համագործակցությունն իրականացվում է միջազգային պայմանագրերի կնքման, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ճանապարհով:
Նման համագործակցությունը հանցավորության դեմ պայքարում պահանջում է պետությունների ջանքերի ակտիվ միավորում, անընդհատ զարգացում և կատարելագործում, որն էլ միջազգային փոխգործակցության առաջնահերթ ուղղություններից մեկն է:
Հանցագործությունների դեմ պայքարում պետությունների միջազգային համագործակցության առավել արդի եւ արդյունավետ միջոցներից մեկը եղել է և մնում է հանձնումը:
Հանձնումը պետության կողմից՝ իր տարածքից դուրս և մեկ այլ պետության իրավազորության սահմաններում հանցագործության համար մեղադրված կամ դատապարտված անձին պաշտոնապես փոխանցելն է մյուս պետությանը` դատավարության և պատժի իրականացման նպատակով։ Հանձնման գործընթացի համար սովորաբար որպես հիմք է ընդունվում ազգային օրենսդրությունը, երկկողմ պայմանագրերը և որոշ դեպքերում՝ բազմակողմ կոնվենցիաները:
Թեմայի արդիականությունը պայմանավորված է հանցագործությունների ձեւերի եւ տեսակների կատարելագործման, տարբեր պետություններում գործող հանցավոր խմբերի միջև կապերի խորացման հանգամանքով, ինչպես նաև միջազգային խաղաղությանը եւ ժողովուրդների բարեկեցությանը սպառնացող հանցագործությունների դեմ պայքարելու անհրաժեշտությամբ:
Ասվածի հետ մեկտեղ պետք է ընդգծել, որ պրակտիկայում հանձնման հետ կապված ընթացակարգը միշտ չէ, որ ընթանում է անթերի, այն հաճախ է խնդիրներ առաջացնում կապված պետությունների օրինական շահերի եւ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների միջեւ հավասարակշռության ապահովման առումով:
Ուսումնասիրության նպատակներից ելնելով` կարելի է սահմանել սույն հետազոտության հեղինակի առջև ծառացած հետևյալ խնդիրները.
1. Պարզել քրեական գործերով իրավական օգնության, ներառյալ հանձնման ինստիտուտի տեղը և դերը հանցավորության դեմ պետությունների պայքարի գործում,
2. Ուսումնասիրել հանձնման ինստիտուտի վերաբերյալ միջազգային իրավունքի ձևավորումը և զարգացումը, հանձնման ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրությունը,
3. Ուսումնասիրել արտաքսման հետ կապված պետությունների օրենսդրական առանձնահատկությունները,
4. Քննության առնել արտաքսման ժամանակ մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները:
Հայաստանի Հանրապետությունը քրեական գործերով իրավական օգնության ոլորտում գործող մի շարք բազմակողմ և երկկողմ միջազգային պայմանագրերի մասնակից է: Դրանցով կարգավորվում են քրեական գործերով իրավական փոխօգնության, հանցագործություն կատարած անձանց հանձնման, դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման, ինչպես նաև այլ հարցեր:
Հարկ է նշել, որ միջազգային պայմանագրերը պետություններին ընձեռում են միայն իրավական փոխադարձ օգնություն տրամադրելու հնարավորություն և ընդհանուր առմամբ սահմանում են դրանց տրամադրման ձևերը, սակայն իրավական օգնության տրամադրման կոնկրետ ընթացակարգը, դրա հետ կապված վարույթային գործողությունները միջազգային պայմանագրերը չեն կարգավորում՝ թողնելով դրանց կարգավորումը յուրաքանչյուր երկրի ներպետական օրենսդրությանը:
Հանցագործություն կատարած անձի հանձնումը պետության իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: Դա կարող է պարտականություն լինել միայն այն դեպքում, եթե առկա է պետությունների միջև միջազգային պայմանագիր և համապատասխան պայմաններ:
Հանձնման իրավական գաղափարը առաջին անգամ ամրագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ: Սահմանադրության համապատասխան հոդվածը սահմանում էր, որ եթե անձը հանցագործություն է գործում մի նահանգում և փախչում է մեկ այլ նահանգ, ապա այդ դեպքում, եթե այն նահանգը, որտեղ կատարվել է հանցագործությունը պահանջում է իրեն հանձնել հանցագործություն կատարած անձին, մյուս նահանգը պետք է հանձնի:
Հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով հանձման ինսիտուտը օր օրի զարգացում է ապրում:
Պետությունները բացի ընդհանուր միջազգային պայմանագրերից կնքում են նաև երկողմ պայմանագրեր, որոնցով կարգավորում են երկու երկրների միջև հանձման իրավական մեխանիզմները:
Մագիստրոսական թեզում ներկայացված է հանձնման ընդհանուր բնութագիրը, նրա իրավական հիմքերը, այս ինստիտուտի տեղը և դերը հանցավորության դեմ պայքարի գործում, անդրադարձ է կատարվել հանձնման ինստիտուտի վերաբերյալ ազգային օրենսդրությանը, միջազգային իրավական հիմքերին, ինչպես նաև արտաքսման գործընթացի առանձնահատկություններին և դրա հետ կապված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:
Աշխատանքը հիմնված է ՀՀ Սահմանադրության, «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի, «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի, «Փախստականների մասին» ՀՀ օրենքի և մի շարք այլ օրենսդրական ակտերի, ինչպես նաև տեսական գրականության ուսումնասիրության վրա:
Մագիստրոսական թեզը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, որոնցից յուրաքանչյուրը ներառում է երկու ենթագլուխ, եզրակացությունից և գրականության ցանկից: