Abstract:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հետազոտության թեմայի արդիականությունը: Բոլորի համար գաղտնիք չէ, որ ներդրումները տնտեսության զարգացման կարևորագույն շարժիչ ուժն են: Ներդրումների կարևորությունը տնտեսագիտության տեսության մեջ մշտապես արդիական թեմա է եղել: Դրա մասին են վկայում այնպիսի տնտեսագետների ուսումնասիրությունները, ինչպիսիք են Կ.Մարքսը, Ա.Սմիթը, Ա.Մարշալը և ուրիշներ: Տնտեսագիության տեսության մեջ ներդրումների կարևորությունը հատկապես ամփոփվում է՝ ներդրումների, որպես տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովման նյութական հիմք: Ուստի յուրաքանչյուր պետություն տնտեսության աճին ուղղված քաղաքականության մեջ ներդրումային քաղաքականությունը պետք է դիտարկի որպես առանցքային ուղղություն: Քանի որ արդյունավետ ներդրումային քաղաքականության արդյունքում ներդրումների հոսքերի աճը ենթադրում է արտադրության, եկամուտների, զբաղվածության մակարդակի աճ, ինչպես նաև գործազրկության և աղքատության մակարդակի կրճատում: Հայաստանի Հանրապետությունը նույնպես կարևորելով ներդրումային քաղաքականության կարևորությունը երկրի զարգացման գործում իրականացնում է ներդրումների ներգրավման միջոցառումների մի մեծ համալիր: Այսօր Հայաստանի Հանրապետությունը ներդրումների նկատմամբ հայտարարել և իրականացնում է բաց դռների քաղաքականություն: Դա նշանակում է, որ չկա տնտեսության մի ոլորտ, որտեղ ներդրում կատարողը չկարողանա ներդնել իր միջոցները: Բացառություն են կազմում այն դեպքերը երբ ներդրումները կարող են վտանգ ներկայացնել ազգային անվտանգության տեսանկյունից: Բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելուն ուղղված պետական ջանքերի վկայությունն է նաև ներդրումներին վերաբերվող օրենսդրական դաշտի ստեղծումը և պարբերաբար օրենքների մեջ փոփոխությունների կատարումը և դրանց պարզեցումը: Քանի որ Հայաստանի Հանրապետությունում թե՛ նեքրին քաղաքական մթնոլորտը, և թե՛ հարևան պետությունների հետ լարված փոխհարաբերությունները կարող են ներդրումների կրճատման լուրջ առիթ հանդիսանալ, այդ պատճառով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է փորձի այլ խթաններ ներդնել նեդրումների վրա կողմնակի ազդեցությունների հետևանքները մեղմելու համար:
Հայտնի է, որ պետության վարած հարկաբյուջետային քաղաքականությունը մեծ ազդեցություն ունի ներդրումների համար: Հարկաբյուջետային քաղաքականության գործիքների կիրառումը լրացուցիչ հնարավորություններ կարող են ստեղծել ներդրումների համար: Պետությունը հարկաբյուջետային քաղաքականությունը հարկերի և բյուջետային միջոցների օգնությամբ կարողանում է ներազդել հասարակության թե՛ տնտեսական, և թե՛ սոցիալական կյանքի վրա:
Ներդրումների հոսքերի կտրուկ նվազումը Հայաստանի Հանրապետությունում, շատ արդիական է դարձնում հարկաբյուջետային քաղաքականության ուսումնասիրությունը ներդրումների ներգրավման տեսանկյունից:
Հետազոտության նպատակը և խնդիրները: Հետազոտությունը նպատակ ունի վերլուծելու Հայաստանի Հանրապետության ներքին և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու խնդիրներն ու դժվարությունները, որոնք առաջացել են հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով, ինչպես նաև առաջարկելու համապատասխան լուծումներ: Նշված նպատակի լուծման համար աշխատանքում դրվել և լուծվել են հետևյալ խնդիրները.
• բացահայտել ներդրումների տնտեսագիտական բովանդակությունը,
• ուսումնասիրել ներքին և օտարերկրյա ներդրումների ներգրավման հանար գոյություն ունեցող խոչընդոտները և դժվարությունները, և որոշակի առաջարկություններ անել այդ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ մշակված ռազմավարության համար,
• ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրը, բացահայտել ընթացիկ խնդիրները,
• ուսումնասիրել Հայաստանի Հանրապետությունում գործող հարկաբյուջետային քաղաքականությունը, բացահայտել դրա թերությունները և առավելությունները և տալ որոշակի լուծումներ այդ թերությունները շտկելու ուղղությամբ,
• առաջարկել որոշակի մեթոդներ և մոտեցումներ առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ:
Հետազոտության օբյեկտը և առարկան: Հետազոտության օբյեկտը Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրն է, իսկ առարկան ներքին և օտարերկրյա ներդրումների ներգրավման խոչընդոտներն ու հիմնախնդիրներն են, որոնք առաջացել են հարկաբյուջետային քաղաքականության հետևանքով:
Հետազոտության տեղեկատվական աղբյուր: Հետազոտության տեղեկատվական հիմք են հանդիսացել հայկական և արտասահմանյան հեղինակների կողմից՝ ներդրումներին վերաբերվող գիտական աշխատանքներն ու հրապարակումները: Հայաստանի Հանրապետության նորմատիվ և իրավական ակտերը, Հայաստանի Հանրապետության և միջազգային այլ կազմակերպությունների կողմից հրապարակված վիճակագրական տվյալները, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի և այլ գերատեսչությունների կողմից հրապարակված հաշվետվությունները և այլ փաստաթղթերը:
Հետազոտության գիտական նորույթը: Հետազոտության հիմնական գիտական արդյունքներն ու նորույթը հետևյալներն են.
• ներդրումների տնտեսագիտական բովանդակությունը ցույց է տալիս, որ տնտեսագիտության մեջ չկա ներդրումների մեկ ընդհանուր սահմանում, որը թույլ կտա բացահայտել ներդրումների ամբողջ էությունը: Տնտեսագիտության տեսության մեջ կան բազմաթիվ սահմանումներ, որոնք ներկայացնում են ներդրումների էությունը տարբեր տեսանկյուններից, ելնելով տնտեսության վրա ներդրումների բազմագործոն ազդեցությունից,
• ցույց է տրվել, որ չնայաց այսօր Հայաստանի Հանրապետությունը վարում է հարկաբյուջետային քաղաքականության բավականին մեղմ քաղաքականություն ներդրումների նկատմամբ, սակայն ներդրումների համար դեռ գոյություն ունեն մի շարք խոչընդոտներ և խնդիրներ,
• համադրումների միջոցով ցույց է տրվել հարկերի, հարկային արտոնության և համախառն ներքին արդյունքի ազդեցությունը օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալների վրա,
• բացահայտվել է, որ պետությունը չի իրականացնում իր կողմից առաջարկված խթանների ազդեցության մշտադիտարկում և առաջակվել է ստեղծել մշտադիտարկման և վերլուծության մի համակարգ, որի միջոցով կբացահայտվի ներդրումային խթանների արդյունավետությունը:
Հետազոտության կառուցվածքը: Հետազոտությունը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացությունից, օգտագործված գրականության ցանկից և հավելվածներից: Հետազոտությունը կազմված է 73 էջից՝ ներառյալ օգտագործված գրականության ցանկը: Այն պարունակում է 3 աղյուսակ և 9 գրաֆիկական պատկեր: